ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին

Պուտինի նախազգուշացումն ԱՄՆ-ին
07.10.2025 | 10:43

Եթե Թրամփը հատի կարմիր գիծը, Երրորդ համաշխարհայինից խուսափելը կարող է անհնարին լինել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ հայտարարել է, որ Կիևին «Tomahawk» թևավոր հրթիռների հնարավոր մատակարարումը կկործանի ԱՄՆ- ի հետ Ռուսաստանի հարաբերությունները:

«Դա («Tomahawk»- ը Կիևին մատակարարելու հնարավոր որոշումը.- Ա. Հ.) կհանգեցնի մեր (Ռուսաստանի և ԱՄՆ- ի.- Ա. Հ.) հարաբերությունների կործանմանը,- հայտարարել է Պուտինը Սոչիում հոկտեմբերի 2- ին կայացած «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի լիագումար նիստում։-Համենայնդեպս, այդ հարաբերություններում նկատվում են դրական միտումներ։ Այնպես որ, ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Իսկ թե ինչպես կստացվի այնտեղ, կախված է ոչ միայն մեզանից»:

ԱՄՆ- ում պաշտոնական մակարդակով հայտնել են, որ Վաշինգտոնը քննարկում է Կիևին «Tomahawk» բարձր ճշգրտության թևավոր հրթիռներ մատակարարելու հնարավորությունը։ Մոսկվայում արդեն սպառնացել են համարժեք պատասխան տալ, իսկ Թրամփը հրթիռների մատակարարման վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունը դեռ չի մեկնաբանել:

«Tomahawk»- ի կիրառումն առանց ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցության անհնար է,- ասել է Պուտինը:- Դա կնշանակի էսկալացիայի բացարձակապես նոր, որակապես նոր փուլ, այդ թվում՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում… Կարող է «Tomahawk»-ը մեզ վնաս պատճառել: Կարող է: Մենք նրանց կխփենք, կկատարելագործենք մեր ՀՕՊ համակարգը»:

Պուտինը միաժամանալ չի բացառել, որ «Tomahawk»- ն Ուկրաինային մատակարարելու պատրաստակամության մասին հայտարարությունները կապված են ԱՄՆ- ի ներքին խնդիրների և դրանցից հասարակության ուշադրությունը շեղելու անհրաժեշտության հետ:

ԱՄՆ- ի պաշտոնական դիրքորոշումը

Վաշինգտոնն իսկապես քննարկում է եվրոպական դաշնակիցներին «Tomahawk» հրթիռներ մատակարարելու հնարավորությունը՝ հետագայում դրանք Կիևին փոխանցելու համար: Այս մասին դեռ սեպտեմբերի 28- ին հայտարարել է ԱՄՆ- ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

«Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի նախագահը,- ասել է նա «Fox News»- ի եթերում:- Խոսքը թողնում եմ նախագահին, բայց ես գիտեմ, որ մենք հենց հիմա քննարկում ենք այդ հարցը»:

«Թրամփն արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ որոշումներ կայացնելիս ելնում է ԱՄՆ- ի շահերից»,- հստակեցրել է Վենսը:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հոկտեմբերի 2- ին ճեպազրույցի ժամանակ անպատասխան է թողել Ուկրաինային «Tomahawk» հրթիռներ մատակարարելու հնարավորության մասին հարցը: Նրա խոսքով՝ այդ թեմայով պետք է խոսի անձամբ Թրամփը։

«Նա շատ հստակ հասկացրեց, որ ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի,- ասել է Լևիթը։- Բայց նա նաև ասել է, որ եթե երկու կողմերն էլ լուրջ չեն տրամադրված պատերազմն ավարտելու հարցում, ապա ԱՄՆ- ն կշարունակի զենք վաճառել ՆԱՏՕ- ին, իսկ ՆԱՏՕ- ն կարող է օգտագործել այդ սպառազինությունն Ուկրաինայի դեպքում ինչպես ցանկանում է»:

ԱՄՆ- ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը «Fox News»- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփը թույլ է տվել Ուկրաինային հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը: Նրա խոսքով ՝ Ռուսաստանում «անձեռնմխելի տեղեր չկան»։

«The Wall Street Journal» թերթը պարզել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Ուկրաինային ոչ միայն «Tomahawk», այլև «Barracuda» հրթիռներ, ինչպես նաև 800 կմ հեռահարության ամերիկյան արտադրության այլ համակարգեր փոխանցելու հնարավորությունը:

Հրթիռների փոխանցումն ՈՒկրաինային կնշանակի լարվածության նոր ու լուրջ փուլ Ուկրաինական հակամարտության ընթացքում

Ինչպես գրել է ամերիկյան «Axios» պորտալը, Ուկրաինայի իշխանություններն ԱՄՆ- ին վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ խնդրել են իրենց վաճառել «Tomahawk» հրթիռներ, սակայն մերժում են ստացել: Պարբերականը տեղեկացել է, որ սա ցուցակում սպառազինության միակ համակարգն է, որը Թրամփը հրաժարվել է վաճառել ՆԱՏՕ- ի երկրներին՝ Ուկրաինային փոխանցելու համար։

Նյու Յորքում սեպտեմբերի 24- ին ԱՄՆ- ի նախագահի հետ վերջին հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թրամփին անձամբ է խնդրել Ռուսաստանին հարվածելու համար Ուկրաինային տրամադրել «Tomahawk» հրթիռներ: «The Wall Street Journal»- ի տեղեկատվության համաձայն, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է, որ բաց է հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու համար, բայց չի ստանձնել նման թույլտվություն տալու պարտավորություն:

Ուկրաինայի առաջնորդը հաջորդ օրը «Axios»- ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Կրեմլի պաշտոնյաները» պետք է իմանան, թե որտեղ են գտնվում ռմբապաստարանները, այսպիսով ակնարկելով, որ ԱՄՆ- ից ստացվելիք «Tomahawk» հեռահար հրթիռներով Կիևը մտադիր է հարվածել նաև Կրեմլին: ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ի պատասխան Զելենսկու խոսքերի, հայտարարել է, որ Ռուսաստանը «կարող է կիրառել այնպիսի զենք, որից (Զելենսկուն կամ Ուկրաինայի իշխանություններին.- Ա. Հ.) ռմբապաստարանը չի օգնի»:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան ուշադիր վերլուծում է ԱՄՆ- ի հայտարարությունները Կիևին «Tomahawk»- ի հնարավոր մատակարարումների մասին: Նա հավելել է, որ այդ հրթիռների փոխանցումն Ուկրաինային կնշանակի լարվածության նոր ու լուրջ փուլ Ուկրաինական հակամարտության ընթացքում և համարժեք պատասխան կպահանջի Ռուսաստանի կողմից:

«Sohu» պորտալում հրապարակված հոդվածի հեղինակների կարծիքով, Ուկրաինական բանակին «Tomahawk» հրթիռների փոխանցումը Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում անդառնալի կետ կդառնա։

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3946

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ